Vahe Hovhannisyan
610 subscribers
3 photos
8 videos
16 links
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
加入频道

Հայաքվեն և իշխանության «հակաքվեն»
 
Իհարկե, շատերը հասկանում են, որ ստորագրությունների թվով չէ, որ որոշվելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։ «Հայաքվեն» էականորեն կարևոր է նախ որպես պրոցես։ Այս իմաստով գաղափարի հեղինակները անում են կարևոր գործ։ Ինչ կլինի արդյունքում՝ ես չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Բայց սա մի պրոցես է, որը տասնյակ հազարավոր մարդկանց թույլ է տալիս ինչ-որ մի օգտակար բան անել, իրենց զգալ քաղաքացի, իրենց զգալ արժանապատիվ պրոցեսի մի մաս։ Սա թույլ է տալիս հիշել, որ Հայաստանը միայն գործող իշխանությունը չէ։ Սա պրոցես է, որը կարող է ունենալ հետաքրքիր զարգացումներ։ Բնականաբար, իշխանությունը հակազդելու է, և առաջին քայլը հիմա անում են՝ քարոզչամեքենայի միջոցով, թե՝ Հայաքվեն կբերի պատերազմի։
Սա թույլ գաղափար է, որովհետև մի իշխանություն, որը երկիրը բերեց պատերազմի և արդեն չորրորդ տարին է՝ չի կարողանում փակել պատերազմի էջը, չի կարող մեղադրել այլոց՝ պատերազմի վտանգ ստեղծելու մեջ։ Ավելին, իշխանությունից դուրս բոլոր հանրային պրոցեսներն այսօր ուղղված են հե´նց նոր պատերազմ թույլ չտալուն։
Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ այս իշխանությունը այսուհետ հասարակությանը միշտ պատերազմով է վախեցնելու՝ ամեն հարցում, իրենց յուրաքանչյուր տապալումից հետո։
Բայց նրանց հիմնական հակաքայլը դա չէ։
Իշխանությունը գիտի, որ միշտ ավելի ազդեցիկ են լինում քաղաքական պատասխանները։ Իշխանության ամենաազդեցիկ քայլը լինելու է Երևանի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։ Ընդ որում, կարևորը հաղթողի անձը չէ, այլ՝ իշխող ուժի։ Նիկոլն անմիջապես այդ հաղթանակը վերագրելու է իրեն և իր գործունեությանը։ ՔՊ-ի հաղթանակը նշանակելու է բոլոր առողջ շրջանակների հավաքական պարտությունը։
Դեռ ժամանակ կա՝ դա թույլ չտալու, բայց ես վստահ չեմ, որ արվում է ամեն անհրաժեշտը։
Շաբաթներ առաջ առաջարկել էի «Հանրության թեկնածու»-ի կարգավիճակով ու կոնսոլիդացիայով գնալ Երևանի ընտրություններին (առնվազն 2-3 թեկնածու կա, որ հաջողությամբ դա կանի)։ Հիմա էլ վստահ եմ՝ դա միակ տարբերակն է էլեկտորալ ակտիվության և հանրային առողջացման համար։ Թե ինչո՞ւ չի ստացվում, այս հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. պատճառները տարբեր են։
Հնչում է մի հակափաստարկ, թե՝ հիմա Երևանի ընտրությունների ժամանակը չէ։ Բայց այստեղ նույնպես կարևորը նախ պրոցեսն է՝ էլեկտորալ արթնացման և առողջ կոնսոլիդացիայի՝ ավելի կարևոր նպատակների համար։ Հարյուր հազարավոր մարդիկ ուզում են մի օգտակար քայլ անել՝ այս վիճակից դուրս գալու համար, բայց նրանց ոչ ոք ցույց չի տալիս այդ քայլը, և չեն ստեղծում քայլի հնարավորությունը։ Սա է խնդիրը։
Իսկ Երևանում ՔՊ հաղթանակը իսկապես լինելու է իշխանության «հակաքվեն»՝ ուղղված հանրությանը։ Կարո՞ղ ենք դա թույլ չտալ. միանշանակ՝ այո։ Առողջ տրաբանությունը հուշում է, որ լավ տեմպ առնող «Հայաքվեն», որպես հանրային շարժում, պետք է ստանա էլեկտորալ շարունակություն։ Հանրային շարժումը, որն այս ընթացքում հասցնում է իր շուրջ հավաքել ամենատարբեր քաղաքական հայացքների ու պատկանելության, լայն շառավղով շրջանակների, կարող է բնականորեն ծնունդ տալ իր թեկնածուին՝ քաղաքապետի ընտրությունների հանրության թեկնածուին։ Դա կլինի հանրային պրոցեսի բնական շարունակություն։ Իրոք, կա լավ տարբերակների հնարավորություն։ Մինչ այս արդեն իրենց մասնակցության մասին ազդարարած թեկնածուները ևս պետք է հաշվի առնեն այս հնարավորությունը և գուցե դառնան հենց այս պրոցեսի մի մաս։ Այս միավորումը ևս կդառնա ընդհանուր հանրային պրոցեսի մի բաղկացուցիչը։ Հանուն Արցախի, հանուն պատերազմի էջը փակելու, հանուն ներքին հաշտության պետք է գնալ այս ուղղությամբ։
Հակառակ դեպքում ակտիվացված, մոտիվացված տասնյակ հազարավոր ընտանիքներին մենք հերթական անգամ ուղարկում ենք տուն։ 

Рациональная альтернатива сегодняшней ситуации
 
Процессы вокруг Арцаха заходят в этап грамотных формулировок и правильной политики. При правильной работе это может привести к существенным изменениям сегодняшней безнадежной ситуации, а грубые ошибки могут безнадежно ухудшить ситуацию.
Есть две вещи, которых нужно четко избежать:
а/нельзя безоговорочно сдаваться
б/нельзя предъявлять требования, совершенно отрезанные от почвы.
Эти крайности самые опасности.
 
Бывший МИД Армении В. Осканян дал концептуальную формулировку вопросу Арцаха – исходя из сегодняшних реалий:
1.     Возможно быстро свести к минимуму возможность новой войны,
2.     Возможно изменить беспросветное содержание переговоров,
3.     Обязательная отсылка на факт существования НКАО в составе СССР.
 
Наши шаги в этих условиях
 
Сейчас вопрос Арцаха сводится к двум пунктам:
а/ обеспечение безопасности Арцаха
б/ обеспечение нормальной среды жизнедеятельности для 120-тысячного армянства Арцаха, приемлемой в 21 цивилизованном веке.
 
Для успешной реализации этих пунктов есть важное предусловие: из Арцаха, Армении должны звучать исключительно рациональные посылы и месседжи. Нужно свести эмоции к минимуму. Эмоции должны касаться долько блокады, к которой невозможно относиться без эмоции. Во всех других вопросах нужны только холодные головы и рациональные предложения.
 
Рациональный настрой (без испуганного нытья и лишнего пафоса) может стать тем самым желанным “консолидационным клеем” между Арцахом, рационально-национально настроенной общественности Армении, армянского мира, международного сообщества, и в первую очередь – для посредников.
 
Нужно учесть международную коньюнктуру, где мы можем выгодно воспользоваться от некоторых процессов.
Для России крупная неудача в Арцахе, провал своей миротворческой миссии был бы серьезным имиджевым ударом. После “вагнеровского восстания” РФ наверняка будет стремиться избежать новых серьезных крушений.
 
Как бы странным ни казалось с первого взгляда, но возможные провалы или попытки “этнических чисток” в Арцахе не выгодны также США, даже если это ударит по России. Скоро в этой стране президентские выборы, и администрации Байдена нужен скорее “success story”, а на провал своей посреднической миссии. Свои личные “success story” нужны также госсекретарю Блинкену и советнику по нацбезопасности Салливану – двум влиятельным и перспективным политикам.
 
Сможем действовать грамотно – сумеем воспользоваться этой ситуацией.
«Мы» сегодня не обладаем властью, и это реалия, которая существенно отягчает наши задачи. Но это не закрывает все возможности для нас. Арцах, 120 000 население Арцаха и тысячелетняя грядущая история Армении не могут быть пленниками в руках сиюминутных властей Армении.
 
Нужно сформулировать –кто же «мы».
Мы, это:
-       Арцах, откуда должны звучать грамотные, рациональные формулировки (важно, чтобы власти Арцаха и Фронт безопасности и развития Арцаха тесно сотрудничали в этом вопросе)
-       Движение, формирующееся вокруг Арцаха в Армении: мы НЕ реваншисты, НЕ авантюристы, оторванные от реальности. Мы – сторонники прочного, настоящего мира – с национально-адекватными представлениями.
-       Процесс консолидации армянского мира вокруг тех же двух пунктов. Армянский мир включает влиятельных армян мира, механизмы грамотной работы со структурами диаспоры, и армянскую апостольскую церковь.
 
Время важных дел
 
Азербайджан хочет превратить Арцах в черную, безжизненную дыру, окруженную российскими войсками. Только так он может победить. Официальный Ереван либо не имеет собственного сценария, либо попросту не против этого. Наша же задача в обратном – иметь безопасный, живущий полной жизнью Арцах. Мы должны задействовать все механизмы, иногда –кажущиеся невозможными, веря, что все возможно.
 
Ваге Оганнисян,
Группа Альтернативные проекты
 
 
 
 
 

Հրաշքի սպասելու փոխարեն
 
Ունենք ակնհայտ խնդիր. Հայաստանը և սփյուռքը համարժեք չեն Արցախում այսօր ստեղծված իրավիճակին։ Սա ազգային անոմալիա է, և սրա ուղիղ հետևանքն է, որ միջազգային հանրությունը նույնպես համարժեք չի արձագանքում։
120 հազար մարդ 200 օրից ավել գտնվում է տոտալ շրջափակման մեջ, թշնամու կրակոցների տակ, և առկա է էթնիկ զտման իրական սպառնալիք։
Պարզունակ մոտեցում է՝ խնդիրը վերագրել ժողովրդի որակներին. այստեղ լավի կամ վատի խնդիր չկա. և´ Հայաստանի  ժողովուրդն է սովորական-նորմալ, և´ սփյուռքը, և´ միջազգային հանրությունը։
Այստեղ կան ուրիշ խնդիրներ, որոնք պետք է հասկանանք, և այդ խնդիրների լուծման ճանապարհով փոխենք վիճակը։ Ըստ իս, այդ խնդիրներն են.
 
1.     ՀՀ իշխանությունները
2.     Ազգային փլուզման խորությունը
3.     Հետպարտություն հուսալքված-անկումային տրամադրությունները
4.     Պայքարի ինստիտուտների բացակայությունը (կամ՝ ոչ բավարար զարգացած լինելը)
5.     Այսպես կոչված «սոցիալական սոսնձի»՝ ճիշտ գաղափարների, արդյունավետ պատկերացումների սղությունը։
 
Եթե ինչ-որ հրաշքով, ասենք պայմանականորեն՝ հաջորդ կիրակի, Հայաստանում լինի նոր իշխանություն, ապա մենք կունենանք լրիվ ուրիշ իրավիճակ։ Դա կնշանակի էֆեկտիվ մարդկանց ներգրավվածություն նոր իշխանությանը. 2-5 կետերի խնդիրները տրամաբանական շղթայում կսկսեն լուծվել,  շատ այլ հարցեր նույնպես կսկսեն լուծվել, այդ թվում՝ բարդ, անգամ՝ անլուծելի թվացող։
Բայց մենք հասկանում ենք, որ սա տեսություն է։ Հրաշքին սպասելը նման պարագայում հիմարություն է։
Ավելի վատ է, սակայն, ոչինչ չանելը։ Այս վիճակում հանձնվելը դավաճանություն է մեր պետականության և մեր հայրենիքի հանդեպ։
 
Ճիշտ ճանապարհը գտնվում է նշված հինգ կետերի լուծման մեջ, սակայն՝ հակառակ հերթականությամբ՝ հինգերորդ կետից հասնելով առաջինին։ Իհարկե, ոչ ոք չի բացառում հրաշքի հնարավորությունը, բայց ռացիոնալ գիտակցությունը հուշում է, որ ճիշտը 5-ից 1 կետեր ճանապարհն է։ Սա ամենևին անվերջ երկար ճանապարհ չէ։ Ամեն քայլից հետո ձևավորվելու է նոր իրականություն, իսկ ամեն նոր իրականություն մոտեցնելու է ամբողջական լուծման հեռանկարը։
Առաջիկայում պարբերաբար կներկայացնեմ այդ կետերի համառոտ բովանդակությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 
 
Սոցիալական «սոսինձ»՝ հասարակության փշուրներն իրար միացնելու համար
 
Նախորդ հրապարակմանս մեջ նշել էի խնդիրների հինգ կետ, որոնք պետք է սկսել լուծել՝ սկսելով վերջին կետից։ Սա այն գաղափարների համախումբն է, որը կարող է օգնել միավորել պատերազմի ու կորուստների, ինչպես նաև՝ անընդհատ հնչող ստի ու մանիպուլյացիաների հետևանքով մասնատված, փշրված հասարակական «անոթը»։
«Սոցիալական սոսնձի» օրինակները շատ են. բերեմ առավել թարմ օրինակներ։
Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը հանրային դեմքերի ներգրավումը, սոցիալական սոսնձի լավ օրինակ է։ Թեման մտավ տասնյակ հազարավոր տներ։
Շրջափակման մեջ գտնվող Ռ. Վարդանյանի ուղերձներն ունեն երկու բնութագրիչ. անկեղծ են, որովհետև ծնվում են ծայրահեղ բարդ պայմաններում, և հստակ են, ու դրանք միանգամից կոնսոլիդացնում են հասարակության զգալի շրջանակների։
Վերջին շրջանում, ի դեպ, գրագետ ուղերձներ են գալիս նաև պաշտոնական Ստեփանակերտից, ինչը կարևոր է։
Հայաստանում առնվազն 10-15 հրապարակային գործիչ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես է գալիս գրագետ-ադեկվատ ձևակերպումներով։
Սա թանկ ռեսուրս է։
Կան մարդիկ, ովքեր կարող են լուրջ գաղափարներ ձևակերպել, բայց այսօր լուռ են համատարած պարզունակ (թեկուզ՝ հայրենասիրական մղումներով) պատկերացումների ֆոնին։ Ճիշտ մթնոլորտում այդ մարդիկ մեծ օգտակարություն կունենան։
 
«Գաղափարների ֆաբրիկան» կջարդի իշխանական ստի համակարգը
 
«Սոցիալական սոսինձը» գրագետ, իրատեսական գաղափարների փունջն է։ Այդ առումով, պայմանական ասած, պետք է ստեղծվի «գրագետ, իրատեսական գաղափարների ֆաբրիկա»։ Կան քիչ մարդիկ, ովքեր իրենց հեղինակությամբ կարող են հիմնել այդ ֆաբրիկան, տալ ապրանք, որը կփոխարինի այսօր առկա անմիտ գաղափարների անծայրածիր ծովին։ Այսօր թե´ հայրենասիրական առողջ մղումներով, և թե´ լրիվ հակառակ միտումներով այնքա´ն գաղափարներ ու վարկածներ են տրվում հասարակությանը, որ մարդիկ չեն կողմնորոշվում, չեն ընկալում, չեն հասկանում՝ որը ինչ է։ Մարդուն դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը, իր հետ։
Որպես «սոցիալական սոսինձ» ծայրահեղ կարևոր է ներքին հաշտության գաղափարը, որը հենց սկսեց աշխատել այս իշխանությունը այլևս անելիք չի ունենա։
Ոմանք այս հարցում  համակարծիք չեն, գուցե այն պատճառով, որ ճիշտ չի ընկալվում «ներքին հաշտության» գաղափարը։ Այլ բառերով՝ դա միջընտրազանգվածային երկխոսությունն է։ Գոնե իրար լսելը։
Ասում են՝ ի՞նչ հանրային հաշտություն. կա´մ իշխանություն կփոխվի կամ պետությունը կկործանվի։ Իմ հստակ պատասխանն է. հանրային հաշտեցումը իշխանություն փոխելու տեխնոլոգիան է, գրագետ ճանապարհը։
 
Տեսեք. տարբեր հարցումներով՝ հասարակության մինչև 80 տոկոսը դեմ է Արցախը Ադրբեջանում լինելու գաղափարին։ Փառահեղ ցուցանիշ, բայց, մյուս կողմից, այդ նույն 80 տոկոսը չի շտապում միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին կամ այդ 80 տոկոսը չի դուրս գալիս ընդդիմության հանրահավաքին։ Պարզ ասած՝ այդ 80 տոկոսը չի տեսնում այս ողբերգական իրավիճակի և այս իշխանության միջև ուղիղ, թվում է՝ պարզ կապը։
Սա նշանակում է, որ մենք ինչ-որ կարևոր բան համառորեն սխալ ենք անում։ Երբ հարցը դրվում է «կամ-կամ» սկզբունքով, դիտորդ, չկողմնորոշված 65-70 տոկոս հասարակությունը չի կատարում իր ընտրությունը։ Նման պայմաններում պետության փլուզումը չի կասեցվի։ Քանի՞ անգամ պետք է էմպիրիկ տեսնենք ու տապալենք պրոցեսը, որ սա հասկանանք։ Ուրեմն պետք է տեսնել խնդրի խորությունը և հրաժարվել պարզունակ պատկերացումներից, սխալներից։
Մարդուն պետք է տաս գրագետ ու իրեն չվիրավորող գաղափարներ։ Պետք է հնարավորություն տաս, որ քո ասածի մասին մտածի, ոչ թե քեզնից պաշտպանվի։
Իրական, ոչ իմիտացիոն «սոցիալական սոսինձը» թույլ կտա մեղմել հանրային խելագարությունը, սոցիալական տարբեր շրջանակների հնարավորություն կտա՝ ունենալու միասնական պատկերացումներ։ Եվ անցնել հաջորդ քայլին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ինչու՞ ենք մենք բոլորս հասկանում, որ մեծ աղետի շեմին ենք, բայց անօգնական սպասում ենք, և ոչ ավելին։ Ինչո՞ւ ենք մենք հրեշավոր անտարբերությամբ նայում շրջափակման մեջ խեղդվող մեր 120 հազար հայրենակիցներին։ Ինչո՞ւ է մեզ մոտ և մեզ հետ ամեն ինչ հնարավոր։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ համոզեն, թե մենք հեռանկար չունենք։
Հիմնական բացատրությունը մեր պետական և ազգային կազմաքանդման իրական ծավալների մեջ է։ Մենք ճիշտ չենք ընկալում դրա մասշտաբները։
Հայաստանն այսօր նման է հին, շատ թանկ, արժեքավոր   ծաղկամանի, որը բարբարոսաբար գցել են գետնին, ջարդուփշուր արել։ Հարևանները, առիթից օգտվելով, ուզում են վերցնել առավել լավ կտորները։ Ցաքուցրիվ եղած բազմաթիվ կտորները դադարում են  իրենք իրենց ընկալել՝ որպես բավական թանկ մի ամբողջություն։
Նրանք, ում ժամանակավոր ի պահ էր տրվել ծաղկամանը, և ովքեր փշրեցին այն, անընդհատ քարոզում են, թե դա անարժեք իր էր, ստից մի բան՝ իրենց մեղքի բաժինը «զեղչելու» համար։
Իսկ մենք չենք կարողանում գտնել «ռեստավրատորներին» (վերականգնողներին), և ռեստավրացիայի եղանակները։
Ահա այս փլուզված, ջարդուփշուր եղած իրավիճակն է ամեն ինչի հիմքում։ Մենք դադարել ենք մեզ զգալ ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Եվ մեր այդ վիճակը հմտորեն օգտագործվում է մեր արտաքին ու ներքին հակառակորդների կողմից։
 
Մեր խնդիրն է՝ վերականգնվել որպես ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Սրան հասնելու համար երկու պարտադիր խնդիր պետք է լուծենք.
 
1.    Ձևակերպել գրագետ, միավորող գաղափարներ, որոնք կդառնան «սոցիալական սոսինձ»։ Սրա շուրջ երեկ ունեցել եմ հրապարակում։
2.    Ինստիտուցիոնալ վերակենդանացում, ինստիտուցիոնալ պայքար։ Այս մասին վաղը՝ մանրամասն։
 
Սիրողական պայքարը և անձնակենտրոն-անձնաշահ հաշվարկներով պայքարը մեզ աղետից չի փրկելու։ 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մենք՝ որպես էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն
 
Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։
Նոր սերնդի հետաքրքիր մտածողներից Կարպիս Փաշոյանն գրում է, որ «այսօրվա վիճակը ուղիղ հետևանքն է քաղհասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության»։ Իսկ գուցե մենք պարզապես չունե՞նք այդ շերտերը՝ ընդհանրապես, գուցե շատ բաների նման դա՞ էլ ենք հորինել։ Այդ շերտերի դեֆեկտը քաղաքացու բացակայությունն է։ Իսկ  մյուս ինստիտուտները ի՞նչ վիճակում են։
Երեկվա զարգացումներից հետո՝ ՌԴ ԱԳՆ հայտարարություն, եռակողմ հանդիպում, Շ. Միշելի հայտարարություններ, Արցախում սկսված պրոցեսներ,  ստեղծվել է նոր իրականություն, որը Երևանից ինստիտուցիոնալ արձագանք է պահանջում, որպեսզի աշխարհը հասկանա, որ մենք ժողովուրդ ենք և ունենք պետություն։
Եթե տիտղոսային ընդդիմությունը, որպես ինստիտուտ, այսօրվա որակի է, մենք գիտաշխատողից ի՞նչ ենք պահանջում։ Ինչ-որ մեկը ֆանտաստիկ ձևակերպում էր տվել. Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ընդդիմությունը գնաց արձակուրդ։ Եթե այս պայմաններում, խեղդամահ լինող Արցախի ֆոնին ու մայրաքաղաքի ընտրությունների շեմին ընդդիմությունը գնում է արձակուրդ, էլ ումի՞ց ինչ ենք պահանջում։
Իսկ գուցե մե՞նք ենք հորինել առաջնորդներ, ենթաառաջնորդներ, համաառաջնորդներ, գեներալներ, մարշալներ, հիմնադիրներ և այլ կարգավիճակները, ինչպես Նիկոլը իր համար հորինել է «Մեծարգոն»։ Գուցե նրանք չկա՞ն։ Բայց հարց է ծագում. իսկ ի՞նչ ունենք այդ դեպքում։
Ունենք տասնյակ հազարավոր կարգին մարդիկ՝ առանց այդ տիտղոսավորման, ունենք բավարար պոտենցիալ՝ պետություն պահելու ու հետպատերազմյան վերականգնման համար, ունենք նոր սերունդներ՝ կրթված ու առողջ մտածող, ունենք եկեղեցի՝ բացառիկ առաքելությամբ, ունենք լուրջ հանրային գործիչներ, նաև՝ պատգամավորների թվում, ունենք մի քանի հարյուր հազար ընտրող, որն ատամներով պատրաստ է պահել պետությունը։ Այս ողջ պոտենցիալով հանդերձ՝ այս պահին մենք էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն ենք։
Ո՞նց անենք, որ փոխենք վիճակը։ Կա մեկ ճանապարհ՝ գնալ նոր հանրային քաղաքական ինստիտուտների ձևավորման ճանապարհով։ Դադարել բլոգեր լինելուց։ Դադարել բլոգեր-ազգ լինելուց։ Բոլոր նոր ձևավորվող շարժումները, միտք գեներացնող հարթակները պետք է գնան՝ թափ հավաքելու, կառուցվածքային տեսք ստանալու ճանապարհով՝ միասին աշխատելու կամքով։  Այդ դեպքում մենք հասկանալի կլինենք մեծ հասարակության համար, և Կ. Փաշոյանի նշած խավերի մոտ նույնպես կսկսի խոսել քաղաքացին։ Այդ դեպքում մենք կունենանք բավարար ռեսուրս՝ և´ «մեծարգոյից»  ազատվելու, և´ իսկապես սկսելու հետպատերազմյան վերականգնումը։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խումբ
 
 

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ
 
Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։
Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքել՝ կտրելով իր կապերը լայն հասարակության, այդ թվում՝ իր ընտրազանգվածների հետ։ Չի արձագանքել.
 
1.     ՌԴ ԱԳՆ կարևոր  հայտարարությանը
2.     Բրյուսելյան հանդիպմանը
3.     Շառլ Միշելի ձևակերպումներին
4.     Արցախում սկիզբ առնող պրոցեսներին
5.     Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր ու հստակ ուղերձին
6.     Ազգային սրբություն համարվող Մատենադարանի շուրջ զարգացումներին
 
Չի արձագանքել նույնիսկ 270 հազար ձայն ստացած պետական գործչի հանդեպ ապօրինի գույքի մեղադրանքներին։
Սա նորմա՞լ Է։ Սա խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական ընդդիմության գործունեությո՞ւն է։ Ի դեպ, արձագանքել ասելով՝ ես նկատի չունեմ հերթական տեքստը ստորագրել։ Արձագանքը քայլերի համակարգ է՝ մարդկանց համախմբելու ուղղությամբ,  մարդկանց ինքնուրույն մտածելու և հետևություններ անելու կոնտենտն է՝ օգնելով, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել ստեղծված իրականության մեջ, հասկանա իր անելիքը։ Սովորական մարդիկ, այդ թվում՝ կիրթ, գրագետ հատվածը, այսօր համատարած չեն հասկանում, թե ինչ է կատարվում. ռուսները ինչ ասացին և ինչու, ինչ վտանգավոր զարգացումներ կան, ինչ է կատարվում Արցախում, Մատենադարանում իշխանական ռեյդերային հարձակումը ինչ է և այլն և այլն։
Բա որ դա չի արվում, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի այլ ուժեր կան, հասարակությունը ո՞նց կոնսոլիդացվի, ո՞նց էմոցիոնալ, ինչ-որ տեղ՝ անօգնական լարվածությունը փոխարինվի մոտիվացված պայքարով։ Սա լուրջ պրոբլեմ է. սրա վտանգը լայն հասարակության համատարած անօգնական-սպասողական մոլորվածությունն է, և՝ դեռևս պայքարի ունակ շրջանակների բարոյալքումը։ Ես ինչ-որ մեկին մեղադրելու խնդիր չեմ դնում. մեր երկիրը արհավիրքի շեմին է, հստակություններ են պետք։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 

Պետք է գնալ սրացման, բայց՝ սառը հաշվարկած ու գրագետ
 
Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։  Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակություն»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։
Մենք ունենք ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակից։ Ու մեզ հարկ չեն համարում ասել՝ ի՞նչ են անում, ի՞նչ են բանակցում, ի՞նչ լուծումներ են առաջարկում, ի՞նչ զարգացումներ են տեսնում։
Իշխանությունը ամբողջությամբ հրաժարվել է հասարակության հետ կոնտակտներից, նա հաշվետու չէ իր ժողովրդին։ Արտգործնախարար, ԱԽՔ անընդհատ հանդիպումների մեջ են, ու ոչ ոք չգիտի՝ ստվերում ինչ է կատարվում։
Խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի գործում, հակառակ դեպքում ինքը կսրեր այս հարցադրումը, և ԱԺ-ն չէր ունենա հանգիստ կյանք։ Մոտ 330 հազար ձայն ստացած խորհրդարանական ընդդիմության ինստիտուտից մնացել են  հազիվ 8-10 հոգի անհատապես հանդես եկող, անհատական գործունեություն ծավալող պատգամավորներ։ Ինչու՞, ո՞ր իրավունքով։
 
220 օրվա շրջափակման ընթացքը և իրավիճակը հուշում են, որ պետք է գնալ սրացումների։ Հակառակ դեպքում աշխարհը ոչինչ չի նկատելու, չի ձեռնարկելու։ Արցախում այդ առումով ճիշտ որոշումներ են կայացվում։ Բայց ես ունեմ մտավախություն, որ մենք արձանագրելու ենք, որ չունենք սրացման գնալու, գրագետ պայքարի ենթակառուցվածքներ։ Չունենք, որովհետև չենք աշխատել թե´ մինչև շրջափակումը, թե´ այս 220 օրվա ընթացքում։ Այս խնդիրը հիմա հընթացս պետք է լուծենք։
21-րդ դարում տեղի է ունենում 120 հազար մարդու, մի ողջ պետության խեղդամահության օպերացիա, ու այն կշարունակվի, եթե մենք գրագետ չաշխատենք։ Իսկ գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը փոխել հնարավոր է, լավ արդյունքներ ստանալ հնարավոր է։ Վստահաբար։
Գալիս ենք հաջորդ ամենակարևոր հարցին. անհատական պայքարով կամ սիրողական դիմադրությամբ մենք՝ հասարակության ակտիվ, իրավիճակի հետ չհաշտվող հատվածը, արդյունք չենք ունենալու։ Պետք է.
-       Ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն, որպեսզի աշխարհը ընկալի, թե իրականում այստեղ ինչ է կատարվում,
-       Ստեղծել պայքարի կազմակերպման-կոորդինացման ինստիտուտներ, որպեսզի մշակվեն ճիշտ գաղափարներ, կայացվեն որոշումներ,
-       Ստեղծել պայքարի ենթակառուցվածքներ, որպեսզի գաղափարներն ու որոշումները տեղում ռեալիզացվեն ու չմնան ֆեյսբուքյան տիրույթում։
 
Պետք է նոր, իրականում գործող ինստիտուտ, կառույց, կազմված լուրջ որոշումներ կայացնելու ունակ ու նաև այդ որոշումների ռեալիզացիայի համար որոշակի ռեսուրսների տիրապետող մարդկանցից, որոնք վերջապես կազատեն ռազմագերու կարգավիճակում հայտնված հասարակությանն ու մարդկանց կտան արդյունավետ գործելու հնարավորություն՝ խնայելով հանրային էներգիան ու ուղղելով այն ճիշտ հունով։ Հակառակ դեպքում տասնյակ հազարավոր պարկեշտ, գործելու պատրաստ մարդիկ կշարունակեն ամեն մեկն իր տեղում խելագարվել սեփական անելիքի չիմացությունից ու մսխել իրենց թանկագին էներգիան ու ժամանակը ցածր օգտակարության գործողությունների վրա։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Идти на обострение, но путем холодного расчета
 
Как бы трудно ни было, давайте рассмотрим нашу ситуацию со стороны.
Власти Армении сегодня никак не отчитываются перед обществом. Действующий премьер не считает необходимым представлять итоги переговоров народу, и мы получаем сведения о договоренностях и возможных развитиях от никем не избранного еврочиновника Шарля Мишеля. С нами сегодня обращаются как с “военнопленным обществом”.
 
У нас сегодня 120 000 соотечественников, находящихся в осаде, и никто не удасуживается нам сообщить – чем там они заняты, о чем ведутся переговоры, какие решения нам предлагаются, какие развития возможны в ближайшем будущем.
Власти совершенно отказались от контакта с обществом, они больше не подотчетны народу.
Парламентская оппозиция, получившая примерно 330 тыс. голосов, практически больше не существует как институт, и только 8-10 депутатов сегодня выделяются индивидуальной деятельностью, не более. Почему, каким правом?
220-дневная осада Арцаха со всей атрибутикой сегодня нам подсказывает, что нужно идти на острые шаги. В противном случае мир не будет ничего «замечать», не будет ничего предпринимать. В этом ключе сегодня в Арцахе предпринимаются правильные шаги. Но у меня есть опасения, что для грамотного «обострения» нам не хватает нужной для такой борьбы инфраструктуры.
В 21 веке происходит операция удушения целого государства, 120 тусяч жителей, и она будет продолжаться, если мы не будем действовать думая. Если же грамотно действовать, все у нас получится, несомненно.
Переходя к следующему важнейшему вопросу: индивидуальной борьбой или же “любительским” сопротивлением мы – активная, несдавающаяся часть общества, не получим результата. Нужно:
-       Создать грамотное содержание процесса, чтобы миру наконец стало понятно – что же у нас на самом деле происходит,
-       Создать институты для организации-координации процесса для генерации действенных идей и решений
-       Создать инфраструктуры для борьбы, чтобы идеи и решения было возможно тут же реализовать и не оставлять очередной галочкой в социальных сетях.
Нужен новый, действенный институт, структура, в составе которой будут серьезные люди, обладающие способностью принимать решения а также ресурсами для реализации этих решений. Это наконец освободит общество от статутса военнопленного и даст возможность людям действовать эффективно, не растрачиваясь общественной энергией и направляя ее в правильное русло. В противном случае десятки тысяч приличных, готовых к действиям людей снова обрекаются на схождение с ума от собственной беспомощности и трату драгоценных времени и энергии на действия с мизерной эффективностью.
 
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты

Ազատության քննարկումներ
 
Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը հրապարակել է «Post Nikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածը։ Երևի բնական է, որ նման բարդ հարցադրումներն արվում են նման պայմաններում. մի բանտում հեղինակն է, մյուսում՝ հայրենիքի մի հատվածը, իսկ լայն հասարակությունը մոտավորապես ռազմագերու կարգավիճակում է։
Աշոտյանի հարցադրումը սկզբում բերելու է մի նոր մեծ խումբ հարցերի, որից հետո նոր միայն սկսվելու է պատասխանների փուլը։ Ըստ իս, շատ կարևոր է հասկանալ այս պահին մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ժամանակ առ ժամանակ շատերը, այդ թվում՝ ես, մտածում ենք, որ այսօրվա հենքը թույլ չի տալիս հեռանկարում մեծ վերականգնում ակնկալել։ Բայց սա ուղղակի դրվագ է, և ճիշտ չէ, որովհետև այն պահից, երբ հասկանում ես, թե որն է բանալին, որն է լուծումը, շատ ու շատ բարդ բարդեր հարցեր գտնում են իրենց պատասխանները։
Երեկ աչքովս ընկավ Գարիկ Մարտիրոսյանի նոր կլիպը, որին մասնակցում էին մեծ թվով հայ «սելեբրիթիներ»՝ ուրախ ու հավես։ Նայեցի, որովհետև վստահ էի, որ այն պետք է լիներ SOS՝ շրջափակված Արցախի մասին։ Բնականը դա էր, մյուսը չգիտեմ, թե ինչ է։ Ես իհարկե սխալվեցի, որովհետև կլիպը ոչ մի կապ չուներ դրա հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս օրերին իրենց պահում ուկրաինական աստղերը, ռուսները, մենք ժամանակին տեսել ենք վրացիները կեցվածքը։ Իսկ մենք՝ 120 հազար մարդու՝ ցեղասպանության վտանգի առաջ, թուրքական տանկերի ուղիղ նշանառության տակ լինելու, 30 հազար երեխայի ու հղի կանանց՝  սնունդ ու դեղեր չունենալու պարագայում, մեր սելեբրիթիները, բնական ռեակցիա տալու և բնական գործունեություն ծավալելու փոխարեն ընտրում են ազգային КВН-ի ժանրը։ Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ վերածվել КВН-ի՝ մշակույթը, քաղաքականությունը, քաղաքացիական կեցվածքը, իշխանությունը, մեր կյանքը, նույնիսկ՝ ողբերգությունը։
Ամեն ինչի հիմքում պետությունն է։ Լուրջ պետության պարագայում ամեն ինչ փոխվում է՝ մթնոլորտը, բարքերը, քաղաքացին, հասարակությունը, մտածողությունը… ամեն ինչ։
2016-ին ապրիլյանի ժամանակ նույն հայտնիները, մեդիադեմքերը, մեդիան լրիվ այլ տրամադրությունների մեջ էին, լրիվ այլ՝ կոնսոլիդացնող ու արժանապատիվ տրամադրությունների մեջ էին ու շատ կարևոր գործ արեցին, որովհետև պետությունը ուրիշ խնդիր էր դնում, որովհետև պետությունը աշխատում էր նրանց հետ։ Իսկ հիմա մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որը կարող է ցեղասպանվել КВН-ական տրամադրությունների մեջ։ Ամեն ինչի բանալին  պետությունն է, և «Post Nikol» փուլի բովանդակությունը ուղիղ կապված է երկու հարցի հետ. ե՞րբ կլինի այդ փուլը, և ի՞նչ վիճակում կլինի պետականությունն այդ պահին։
Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը ազատ ու մտահոգ մարդու աշխարհայացքով առաջարկում է հանրային քննարկում ծավալել իր շարունակական հոդվածների շուրջ։ Միանում եմ կոչին ու ինքս կոչ եմ անում զարգացնել քննարկումներն ու գնալ բարդ ու բաց խոսակցության։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 

Արցախի հանդեպ պարտքերը տալու ժամանակը
 
Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։
Չկան լավ և վատ ժողովուրդներ, բայց կան լավ կամ վատ վերնախավեր, որոնք ժողովուրդներից սարքում են մարդկանց հասարակություն։ Ումի՞ց սպասել սա։ Ումի՞ց սպասել ճիշտ ուղերձներ լայն զանգվածներին. իրավիճակի համահեղինակ իշխանությունի՞ց, արձակուրդային ընդդիմությունի՞ց, թե՞ Գարիկի կլիպի «լավերից»։
Գուցե մոլերի և ֆուդկորտերի սեփականատերերը մի օր փակեն դռները և ցուցանակ դնեն՝ «Չենք աշխատում՝ ի համերաշխություն սովամահ արվող Արցախի պայմաններում Արցախի մեր քույրերի ու եղբայրների»։ Եվ սննդի մի ահռելի ծավալ տանել թափել Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանատների առաջ, ու կազմակերպել ակցիայի մեդիա սփռումը միջազգային մամուլով։
Իսկ գուցե դա անեն Արցախի անունով կարողություններ դիզած սեփականատերե՞րը։
Իսկ գուցե այդպես հնարավո՞ր է մոլերի և ֆուդկորտերի այցելուներին արթնացնել և ուղղել հրապարակ՝ վերջապես բարձրացնելով այս իրավիճակում այս կառավարության պիտանելիության հարցը։
Ո՞վ պետք է պաշտոնյաներին բացատրի, որ ձեր երեխաների անհոգ ֆոտոները դիսնեյլենդերից և կուշտ վայելքի տեղերից հրապարակելը անասնական վարքագիծ է, երբ քո ժողովրդի մի զգալի հատվածը սննդի ու դեղի ծայրահեղ կարիք ունի։ Իրականում պաշտոնյաներին պետք չէ բացատրել, այլ՝ ստեղծել մթնոլորտ, որ հնարավոր չլինի նման բան անելը, որը հնարավոր չլինի նման պաշտոնյա լինելը։
Հասել ենք մի եզրագծի, երբ դրսում Հայաստանի համար բողոքի ակցիաներ կազմակերպող սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելվում է, և ողջունվում միայն «ծիրանի սեզոնին» Հայաստան՝ որպես ռեստորանների երկիր այցելողների մուտքը։
Հետո հերթով՝ պաշտոնյաներն ու իշխանական թիմը փորձելու են արդարանալ. «մենք չգիտեինք, մեզ ո՞վ էր բան ասում, մեզ ո՞վ էր մարդու տեղ դնում, ինչի՞ց էինք տեղյակ» և նման բաներ։ Չի անցնելու։
Երեկ Արցախից հնչեց կոշտ ձևակերպում՝ «Արցախից տարիներով սնված ու օգտվող «գործարարներին»՝ վերանայել սեփական վարքագիծը։ Սա պատահական չէր. աշխարհում չի եղել ծավալուն ողբերգություն՝ առանց հետագա «կոշտ ռազբորկայի»։ Դա էլ մի առանձին թեմա է։
Այս վիճակը չի լուծելու ո´չ Մոսկվան, ո´չ Բրյուսելը, ո´չ Վաշինգտոնը, ո´չ ընդդիմությունը, ոչ էլ՝ որևէ այլ կենտրոն։ Այս իրավիճակը մի օր վերածվելու է տոտալ ընդվզման, որի ո´չ ելքը, ո´չ ընթացքը ոչ ոք չի կարող կանխատեսել։ Իսկ մինչ այդ ամեն ինչ պետք է անել Արցախին օգնելու համար։ Կան լավ գաղափարներ, լավ առաջարկներ, կան տասնյակ հազարավոր մարդիկ ովքեր այդ ուղղությամբ մտածում են ու արդեն նաև գործում։ Ուրեմն կա հեռանկար։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Վերջին բանակցողի քայլը
 
Ս. Սարգսյանի բաց նամակը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին փաստում է իրավիճակի ծայրահեղ ծանրությունը, և դա ահազանգ է ոչ այնքան լայն հասարակության համար (այստեղ գործելու են  նախասիրությունների բազմաթիվ նարատիվներ), որքան ազդեցիկ ու ռեսուրսների տիրապետող անձանց ու շրջանակների։ Հիմա ընտրության պահն է։
Բայց նամակի ամենակարևոր պահը այլ տեղ է. Ս. Սարգսյանը ըստ էության վերջին բանակցողն էր, և սա վերջին բանակցողի նամակն է։ Նրանից հետո
2018-2020 Հայաստանը խափանել է բանակցային պրոցեսը, իսկ պատերազմից հետո Հայաստանի հետ այլևս չեն բանակցում, ուղղակի թելադրում են։
Վերջին բանակցողը, հիշողության իրավունքով, սրում է խնդիրները. նշված երեք գերտերությունները բազմաթիվ անգամ դրել են իրենց ստորագրությունը արցախահայության արժանապատիվ ու անվտանգ կյանքի իրավունքի տակ։
Լիներ այսօր Հայաստանում նորմալ իշխանություն, միայն այս տեսանկյունից արդեն հնարավոր կլիներ կասեցնել արհավիրքը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։  Սա նշանակում է, որ պետք է ձևավորել պայքարի առողջ ձևաչափեր, քանի դեռ ձևավորված չէ սոլիդ իշխանություն։ Այս առումով խիստ կարևոր և ազդեցիկ է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքը, քանի որ պարունակում է լուծման ուղիներ՝ հարցին իրոք տիրապետող գործչի կողմից։
Մեր վիճակը ծայրահեղ է, ու մեր պայքարը չի կարող լինել. «Հայաստանն առանց խելքի» կարգախոսով։
Այնպես չէ, որ Ս. Սարգսյանի նամակից հետո երեք նախագահները հուզվելու են ու վաղվանից փոխելու իրավիճակը։ Բայց մենք կարող ենք տարբեր անհատների (մի քանի տասնյակ) կողմից հնչեցվող՝ փորձի, գիտելիքի վրա հիմնված առաջարկներով, ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն ու գրագետ մենեջմենթ։ Գրագետ ձևակերպումներ պետք է գան Արցախից, Հայաստանի և հայկական աշխարհի՝ ունակ անհատներից։ Եվ, վերջապես, գործող իշխանության ներսում եղած հատուկենտ անհատները, որոնք չեն ուզում իրենց ողջ հետագա կյանքն ապրել որպես Հայաստանն ու Արցախը վերջնական ողբերգության բերած ուժի ներկայացուցիչներ, պիտի գիտակցեն, որ սա գուցե իրենց վերջին հնարավորությունն է։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ՄԵԿ հարցանի ասուլիսը
 
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։
Մնացածը ենթահարցեր են. էս ի՞նչ ես բերել մեր գլխին՝ առանց քարտեզների ճշտման, առանց սահմանազատման սկզբունքների հստակեցման, առանց Արցախի հայության հստակ երաշխիքների ո՞նց ես նման բան արել, ո՞ր իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ։ Հասկանու՞մ ես, թե ինչի´ առաջ ես կանգնեցրել երկիրը։
Սեղանին ուրիշ հարց չկա։ Ու չկա նաև պատասխանը, թե ժողովուրդն է իր քվեով լիազորել։ Ընտրության դու գնացել ես այս հարցերի շուրջ այլ ծրագրով ու այլ խոստումներով։
Բոլոր նախարարները, փոխնախարարները, դիվանագետները, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, պատգամավորները պետք է այդ հարցը  գոնե մտքներում տան իրենց «Մեծարգոյին» ու հասկանան, որ նրա հետ հավասար դնում են իրենց ստորագրությունները։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 

Հրաժարականներ իհարկե կլինեն, եթե...
 
Երեկվա ասուլիսից հետո պետք է լինեին հրաժարականներ պետական համակարգից, քաղաքական, հայեցողական պաշտոններից, դիվանագետներից։ Գոնե մեկը կարող էր ասել, որ ինքը համաձայն չէ մաս կազմել ներքին ֆաշիզմի և պետական ու ազգային կազմաքանդման քաղաքականությանը։
Հրաժարականներ չկան, և այս պահին չեն էլ լինի, բայց դա չի նշանակում, որ իմ նշած համակարգերում բոլորը դավաճան են կամ թքած ունեն հայրենիքի վրա։ Ամենևին ոչ։ Այնտեղ կան շատ կարգին, պարկեշտ ու պրոֆեսիոնալ մարդիկ։ Պետք է ճիշտ հասկանալ իրավիճակը։ Հրաժարական տալուց 99 տոկոսը մտածում է՝ ո՞ւր է գնալու, ինչի՞ն է միանալու։
Եկեք մենք լինենք ազնիվ ու պատասխանենք. ո՞ւր պիտի գնա հրաժարական տված մարդը։ Տիտղոսային ընդդիմությունը նույնիսկ գրասենյակ չունի։ Ո՞ր պրոցեսին միանա՝ դատարկությա՞նը, արձակուրդի՞ն, թե՞ «չքաղաքականացնեք պայքարը» կոչերին։
Վստահ եմ՝ պետական համակարգի հարյուրավոր աշխատողներ, այդ թվում՝ ուժայիններում, հատուկ ծառայություններում, ԱԳՆ-ում, ամենուր՝ այս գիշեր չեն քնել, մարդկայնորեն տառապել են Նիկոլի ասածներից։ Ամոթ են զգացել թե´ տանը, թե´ աշխատասենյակում։ Բայց մենք այս մարդկանց պետք է փորձենք հասկանալ։
Պետական համակարգը միանում է մերժմանը, այդ թվում՝ զանգվածային հրաժարականներով, համապատասխան մթնոլորտի և համապատասխան ինստիտուցիոնալ պայքարի դեպքում։ Կազմակերպե՞լ ենք մենք դա։ Նրանք, ովքեր վերցրել էին պատասխանատվություն և դրա համար ստացել հարյուր հազարավոր ձայներ, արե՞լ են իրենց գործը։
Այնուհանդերձ՝ պրոցեսը ունի բոլոր շանսերը հենց այդպես զարգանալու, որովհետև երեկ սեղանի գլխին միայնակ նստածը անում է ամեն ինչ՝ առաջիկայում միայնակ մնալու համար։
Հետաքրքիր է նաև հակառակ պրոցեսը. ո՞վ և ովքե՞ր ՔՊ-ից և իշխանության ներսից հրապարակային կստարեն նրան, կստորագրեն նրա երեկվա ասածների տակ։ Այն է.
 
-       Ներքին ֆաշիզմի քարոզ
-       Հայրենիքի մեծածախ նվիրատվություն
 
Հետևենք նաև այս պրոցեսին։
 
Երեկվանից 2018-ի իր հայտնի բանաձևը նոր բովանդակություն է ստանում. կա´մ մենք չենք ունենա վարչապետ, կա´մ այլևս չենք ունենա պետություն։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 

«Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը
 
Նիկոլը դրել է բոլոր վերջակետերը, և սկսեց գործել բաց քարտերով, ապացուցելով, որ.
 
1.     Իր կյանքը և իր պաշտոնը նույնականացրել է,
2.     Իր հիմնական կենսահամակարգը ներքին ֆաշիզմն է՝ թշնամացնել հայկականությունը՝ որ մասը որի հետ կարողանա,
3.     Ոչ մի կոնցեպտ, ոչ մի տեսլական չունի տարածաշրջանի նոր ճարտարապետության մեջ։
4.     Զիջել, զիջել, զիջել, ինքն էլ չգիտի՝ որտեղ և ինչ է զիջելու, որտեղ է զիջման վերջը, չի հասկանում։ Անկեղծորեն չի հասկանում, և որպես հետևանք Ադրբեջանն ամեն շաբաթ նոր ավելի վտանգավոր պահանջներ է դնում։
5.     Ինքը չգիտի՝ ինչ է պետք անել՝ընդհանրապես։ Գիտի, որ պետք է մնա պաշտոնին, ու ուրիշ ոչինչ չգիտի։
6.     Հասկանում է, որ իր քայլերը, 1-5 կետերի պրոցեսը տանում են նոր աղետի՝ պատերազմ կկոչվի, ցեղասպանություն կկոչվի, պետականության կորուստ՝ պարզ չէ, բայց որ շատ մեծ աղետի ենք գնում, արդեն պարզ հասկանում է։
7.     Չի լսում որևէ առաջարկ (կամ իրավունք չունի լսելու կամ ի վիճակի չէ), չի մտածում հրաժարականի մասին. այդպես կաներ ցանկացած ուրիշ մեկը՝պետությանը նոր հնարավորություն տալու համար։
 
Ինչ կա դիմացը.
 
1.     Հասարակության մի հատված, որ հասկանում է ամեն ինչ և որը, սակայն, չգիտի անելիքը, և որին չեն ասում՝ ինչ անել
2.     Ընդդիմության ինստիտուցիոնալ կազմաքանդվածություն
3.     Մի քանի տասնյակ գործիչներ, ովքեր ամենօրա ռեժիմով անում են իրենցից կախված ամեն ինչ, բայց դեռևս չեն ընկալվում որպես նոր առաջնորդություն և միասնական հարթակ։
4.     Լայն հասարակության օտարացում սեփական ճակատագրից։
 
Ինչ անել
 
1.     Ներքին հաշտեցման պրոցես։ Ուրիշ այլընտրանք չկա։ Նիկոլի հիմնական կենսական թույնը ներքին թշնամանքն է, էլեկտորալ բարիկադավարումը։ Դրա միակ հակաթույնը ներքին հաշտեցման տոտալ արշավն է, միջընտրազանգվածային երկխոսությունը։ Լևոնականներ, վազգենականներ, դաշնակներ, ԲՀԿ-ականներ, սերժականներ, ռուբենականներ, արևմտամետներ, ռուսամետներ և այլն և այլն. այս բաժանումները 2020-ից հետո այլևս կորցրել են գոյության իրավունքը, մենք պիտի վերջապես հաղթահարենք մեր ներքին պատնեշները, ֆիքսենք ընդհանուր խնդիրը, որ գնանք նույն ուղղությամբ։ Որքան էլ դժվար է, բայց ուրիշ ճանապարհ չկա։
2.     Պիտի փորձենք ձևը գտնել՝ խոսելու Նիկոլի մանիպուլյացվող ընտրազանգվածի հետ։ Աղետը հաշվի չի առնելու որևէ մեկի պատկանելությունը, չի հարցնելու՝ Նիկոլին սիրո՞ւմ ես, թե՞ ատում։ Աղետի կասեցումը բանաձև է, որով կարելի է ու պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ որքան էլ դժվար լինի, որքան էլ անդուր լինի։ Մարդկանց պիտի հնարավորություն տրվի՝ գիտակցել, որ իրենք մանիպուլյացիայի զոհ են և ունեն այլ ճանապարհ։
3.     Այս ճանապարհով հասնել այն բանին, որ լիցենզավորված նիկոլականների շերտը փոքրանա մինչև նվազագույն չափեր։ Այս առումով ճշգրիտ բանաձև էր տվել Ա. Ջուլֆալակյանը։
4.     Խոսել պետական համակարգի հետ՝ հանգիստ, գրագետ։ Մեծ մասը նորմալ մարդիկ են։ Խոսելը ենթադրում է նաև բարոյական ճնշում ու զգուշացում՝ մաս չկազմել պատմական աղետին (տարանջատում՝ հանուն փրկության)
5.     Երկրում փոխել մթնոլորտը. ամոթ է՝ 21-րդ դարում ՄԵԿ հոգի մի ողջ ժողովրդի տանի աղետի և այդ ժողովրդի մեծ մասը հնազանդ քշվի կոտորվելու։
6.     Իշխանությանը հաջողվել է ստեղծել պատերազմի և խաղաղության սխալ նարատիվ ու մտցնել դա հանրային գիտակցություն. լայն զանգվածներն այս պահին նախընտրում են «խաղաղության օրակարգով» ցեղասպանվել, քան իշխանություն փոխելու միջոցով ստանալ կայունություն և անվտանգություն։ Այս վիճակը պետք է և հնարավոր է կարճ ժամանակում փոխել։
7.     Մենք կհաջողենք, և անելիքի թվարկած կետերը կդառնան իրականություն միայն ու միայն պայքարի նոր ձևաչափերի ու նոր ձևակերպումների դեպքում։ «Հայաստանն առանց խելքի»  որևէ շարժում թույլ տալ չի կարելի։ Պետք է ճիշտ բովանդակություն, ճիշտ մենեջմենթ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային  նախագծեր խումբ
 
 

Դուրս գալ Ալիևի թելադրած բովանդակությունից, քանի ուշ չէ
 
Ալիևը փորձում է փոխել ոչ միայն Արցախի խնդրի բովանդակությունը, այլև ողջ տարածաշրջանի հեռանկարը։ Նրա քայլերը ստիպում են մտածել, որ դրվում է  Հարավային Կովկասում հայկական պետականությունների վերացման խնդիրը։
Դա ենթադրում է քայլերի և տեխնոլոգիաների մեծ փաթեթ՝ շրջափակում, էթնիկ զտում, ՀՀ-ում հարմար իշխանություններ և քաղաքական ուժեր ունենալը, ազգային արժանապատվության ստորացում, առանձին անհատների չեզոքացում, սփյուռքի և ՀՀ-ի տարանջատում, իրենց համար շահավետ կոմունիկացիաների ստացում, ջրային և այլ ռեսուրսների վրա վերահսկողություն, հայկական զինված ուժերի վերականգնմանը խոչընդոտում, պարտվողական և հանձնված հոգեվիճակի ձևավորում  և այլն, և այլն։
Մեր գլոբալ խնդիրը Արցախի հարցի, տարածաշրջանի գծվող ճարտարապետության մեր հստակ բովանդակությունը ձևակերպելն է։ Մենք չենք նկատում, բայց մենք շատ սահուն մտնում ենք Ալիևին ցանկալի բովանդակության հարթություն՝ նույնիսկ նրա դեմ պայքարելիս, և միջազգային հանրությանն էլ մեր պահվածքով «քարշ տալիս» դեպի Ալիևի պարտադրած բովանդակություն։
Եթե մենք չդնենք մեր հստակ բովանդակությունը, անհնար կլինի ներքին կոնսոլիդացիա ապահովել և հասկանալի լինել արտաքին աշխարհի համար՝ միջնորդների, պոտենցիալ դաշնակիցների, և բարյացակամ հարևանների։
Ռուբեն Վարդանյանի ձևակերպումը շատ դիպուկ էր. «Այս բլոկադան զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի»։
Վագիֆ Խաչատրյանի դեպքը մեկ անձի առևանգման մասին չէ, Երասխում կառուցվող գործարանի վրա կրակելը սահմանային միջադեպի մասին չէ։ Եվ այլն։
Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր հարցերի շուրջ մե´ր սկզբունքային մոտեցումը ձևակերպել։
Սա առաջին հերթին իհարկե իշխանության գործն էր, բայց իշխանությունը լրիվ հակառակն է անում՝ շարժվելով Ալիևի ցանկություններով։ Սա պետք է աներ տիտղոսային ընդդիմությունը, բայց արդեն հասկանալի է, որ ակնկալիքներ չկան։ Բայց սա պե´տք է արվի, ու դրա համար նոր ձևաչափեր, որոշումներ կայացնող նոր սենյակներ են պետք։
Մոտեցումների հստակ ձևակերպմանը կհաջորդի այդ ուղղությամբ քայլերի հստակ ցանկը՝ ամեն մեկիս, հազարավոր մարդկանց և կառույցների (ինստիտուտների) անելիքը։ Հակառակ դեպքում մենք այդպես էլ չենք հասկանա՝ ինչ-որ բան ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ, ու անվերջ անիմաստ կվիճենք իրար հետ։
 
Մենք մեզ և աշխարհի համար պետք է ձևակերպենք՝ ի´նչ է Արցախի խնդիրը, որ կարողանանք ընդունելի լուծումներ գտնել, մենք պետք է ձևակերպենք, թե ի´նչ է մեզ համար տարածաշրջանային կայունությունը և հաղորդակցությունը, որ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է, չդառնանք «միջանցք տալու կամ չտալու» թակարդի գերին։
Այս պահին հայ ժողովրդի համար ոչ ոք չի ձևակերպել իր նպատակը՝ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապրել սեփական հողում՝ Հայաստանում և Արցախում։ Հայաստանի նոր լիդերության խնդիրը այս պարզ, բայց ամենակարևոր նպատակը ձևակերպելն է։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Ես չեմ հասկանում
 
Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»։
Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։
 
1.     Անազատության մեջ գտնվող Խաչատուրովին այսօրերին շատերը հրապարակային շնորհավորում են, և ճիշտ են անում, որովհետև նա արժանի է։ Անկեղծ լինենք, նրա՝ բանտում լինելու մասին արդեն քչերն են հիշում։ Ես չեմ հասկանում, թե ինչու մարեց ի պաշտպանություն Խաչատուրովի շարժումը, ո՞ր անտեսանելի ձեռքը մարման տարավ մի պրոցես, որը լավ թափ էր առնում, ստեղծվել էր լավ պաշտպանության խորհուրդ՝ հեղինակավոր մարդկանցից, եղավ Վեհափառի օրհնությունը, թեման թափ էր առնում, ու ձևավորվում էր պայքարի նոր սիմվոլ։ Ես ինքս բազմաթիվ առաջարկներ եմ արել, հանդիպել պաշտպանության խորհրդի անդամներին, և իսկապես քաղաքացին պատրաստվում էր կանգնել իր չպարտված գեներալի կողքին։ Ու հանկարծ ամեն ինչ սկսեց մարել. ես չեմ հասկանում՝ ինչու և ինչպես։
2.     Ես չեմ հասկանում Սերգեյ Սմբատյանի նավագախմբին. ինչո՞ւ չեն գնում կառավարության շենքի առաջ առանց դիրիժոր նվագելու։ Ինձ պետք չէ հասկանալ ոչ կալանք տվող դատավորին, ոչ դատախազին, ոչ՝ Մեծարգոյի  նկարի տակ ազնվացողներին, բայց ես ուզում եմ հասկանալ նվագախմբին, երաժշտական համայնքին ու նաև ունկնդրին։ Քանի՞ անգամ կլինենք լսած «Сережик гений»,  բա հիմա էդ երաժիշտ տղային կալանավորել են՝ երեք տարի մանր-մանր ընթացող մի գործի շրջանակներում, չպիտի՞ իր համայնքն իրեն պաշտպանի։
3.     Ես չեմ հասկանում, թե ինչու չենք ավելի համառ ու գրագետ պայքարում Աշոտյանի համար։ Բոլոր հանրային, հրապարակային դեմքերը նրա հետ անձնապես ծանոթ են եղել, և մենք բոլորս գիտենք, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, իր սկզբունքների համար, մնացածն ածանցյալ է։
4.     Ես չեմ հասկանում մեր անդադար մուննաթը «սորոսական» իրավապաշտպանների լռության հանդեպ։ Ժամանակը չէ՞ հասկանանք, որ նրանք լռելու են՝ երբ պետք է, և աղմկելու են՝ երբ կհրահանգավորեն։ Բայց ես չեմ հասկանում շատ ավելի կարևոր բան. 2018-ից, երբ պարզ էր, որ սկսվելու է դատաիրավական տեռոր, ինչո՞ւ չձևավորվեց նոր իրավապաշտպանական համակարգ։ Ամեն ինչ դրա համար կար՝ մարդիկ, կազմակերպություններ, միջազգային հեղինակությամբ իրավապաշտպաններ և այլն, չգտնվեցին միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ռեսուրսներին տիրապետողները միայն իրենց պաշտպանության համար փող ծախսեցին, ու ոչ ոք չմտածեց ընդհանուր պետական մասշտաբի գործ անել։ Հենց իրենց հարցերը լուծվում էին, հետ էին քաշվում։
5.      Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է անում այս իշխանությունը, որը նախ ընդունում է «ընթացքի մեջ գտնվող ցեղասպանության» փաստը, ու անմիջապես դրա ֆոնին զբաղվում է համերգներ, ուրախ փառատոներ կազմակերպելով։ Բայց ես չեմ հասկանում իմ հայրենակիցներին, ովքեր տասնյակ հազարներով մաս են կազմում այդ ամենին։
6.     Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով, որը կկոնսոլիդացներ լայն հանրությանն ու կհաղթեր։ Ես չեմ հասկանում որոշումներ կայացնողներին ու նաև ամեն որոշում լուռ ու մունջ ընդունող շքախմբերին։
7.     Ես չեմ հասկանում, թե ինչպես ենք իրար աչքերի մեջ նայելու, երբ այսքան աղետից հետո, խեղդվող Արցախի ֆոնին, Երևանում հաղթի Նիկոլի կուսակցությունը։
8.     Մինչ այս պահը անհասկանալի է մնում, թե ինչպես են Երևանում բոլոր ակցիաները կազմակերպվում բացառապես միջազգային կազմակերպությունների մուտքերի մոտ, և ոչ՝ կառավարության։
9.     Եվ վերջապես գլխավոր հանելուկը. ինչպե՞ս է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը այսօր հայտարարում է, որ ինքը միայն 29800քմ ներկայացուցիչն է, ու այդքանով հանդերձ շարունակում է բանակցել Արցախի հարցով ու այդքանից հետո մնում է իր պաշտոնում։
 
Իհարկե, այս հարցերի մեջ կան այնպիսիք, որոնց պատասխաններն իրականում շատերս գիտենք։ Այդ հարցերը պիտի բարձրացվեն հիմա, քանի որ վաղը՝ «ժամը վեցին», բոլոր հարցերն անիմաստ են լինելու։
 
 
 
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախի շրջափակումը բլոկադա չէ ուտելիքի, այլ բլոկադա է պետականության և ազգային ինքնության

Իլհամ Ալիևն այնքան է փոքրացրել մեր կենսական պահանջները, որ Արցախի բլոկադան հացի ու ձեթի խնդիր ենք ընկալում։ Իրականում Արցախի շրջափակումը բլոկադա է պետականության և ազգային ինքնության։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Ես գնալով համոզվում եմ, որ Ադրբեջանում կամ գուցե այլ երկրների կարևոր աշխատասենյակներում ուղղակի որոշում է կայացված օգտվելով առիթից հասնել Հարավային կովկասում հայկական միավորների և պետականության ոչնչացմանը։ Ոչ ոք չի պատրաստվում երեք միլիոն հայ մորթել, բայց պետականության ոչնչացման փաստը շատ ռեալ է»,–ասաց Հովհաննիսյանը։

Հակառակ դեպքում, ըստ փորձագետի, դժվար է 21–րդ դարում որոշել փակելով բոլոր ճանապարհները մարդկանց մատնել սովամահության, հղի կանանց թողնել առանց բուժօգնության, հիվանդներին առանց բուժման։ Ալիևը շատ ավելի մեծ խնդիր է դրել իր առաջ, քան Արցախը, և հենց այստեղ է ՀՀ–ն անադեկվատ և ոչ համարժեք վարքագիծ դրսևորում։

@ArmeniaSputnik
Ամբողջական զրույցը՝ հետևյալ հղումով . https://fb.watch/m9DyBLueVK/?mibextid=ZbWKwL
Նեկրոնոմիկա

ՔՊ-ի դրամահավաքը անցել է 500 մլն-ը։ Պատկառելի ցուցանիշ։
Նիկոլը, մեծ հաշվով, խղճով տղա է. կարող էր, չէ՞, հրահանգել, որ փող հավաքեին Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանամերձ, արդեն պատուհաններից ադրբեջանական զորք տեսնող գյուղերում, ու կհաջողեր, կարող էր, չէ՞, ՔՊ-ի դրամահավաքին «ներգրավել» ապօրինի գույքով անցնող դեմքերին, մի հատ էլ խրախուսող տեքստ ասեր, կամ բիզնես էլիտային՝ պրոֆիլակտիկ հնազանդության համար. հավատացեք, շատերը կենթարկվեին։ Կամ կարող էր շատ ավելի մեծ գումարի խնդիր դնել ու հանգիստ կլուծեր։

Մենք նեկրոնոմիկայի իրականության մեջ ենք՝ մեռած բարքեր, մեռնող հասարակություն, մեռնող սկզբունքներ, մեռնող արժեքներ և այլն։

Եթե խնդիր դնի սալյուտի փող հավաքել՝ Արցախը և 8 «անկլավները» հանձնելու կապակցությամբ, վստահ եղեք, լինելու են շատերը, որ անմռունչ կմուծվեն։

Բայց - պայքարի համար փող չկա, մարդկանց հետ աշխատելու համար ռեսուրս չկա, Արցախի շրջափակման թեմայի միջազգային արշավի համար փող չկա, իրավապաշտպան համակարգ ստեղծելու համար չկա։

Նույնիսկ մեր տնտեսական աճն է ուրիշի դժբախտության հաշվին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի։

Ռուսաստանյան սոցիոլոգ-տնտեսագետ Վ. Ինոզեմցեվը շրջանառության է դրել «Смертономика» ձևակերպումը, ցույց տալով, թե ռուսական ո´ր ռեգիոնում զոհերը շատ են, այնտեղ նկատվում է տնտեսական ակտիվություն՝ ի հաշիվ պետության կողմից տրվող ֆինանսական փոխհատուցումների։ Սարսափելի պատկեր։

Ըստ իս, մենք մի քայլ առաջ ենք։ Մեր նեկրոնոմիկայի հիմնական դերակատարները գործող, առողջ, առույգ անձիք են, որոնց համար միակ սկզբունքը իշխանության հետ լավ լինելն է, բացառապես՝ սեփական կաշվի համար։

Հիմա պատկերացրեք, թե էն 20-25 տարվա «ճշտի», ահուսարսափի ֆեոդալներն ու լավ տղերքը ի՜նչ էնտուզիազմով են աշխատելու այսօրվա իշխանության համար՝ Երևանի առաջիկա ընտրություններին։

Եթե մակերեսին կա այսքան սուտ, բա ստվերում պատկերացնո՞ւմ եք ինչեր են կատարվում։

Բայց իմ ասածից չի հետևում, որ հնարավոր չէ իրավիճակ փոխել, նորմալ պետություն ու նորմալ հասարակություն ունենալ։ Միանշանակ հնարավոր է, պարզապես փոփոխությունների աղբյուրը, մարդկային ռեսուրսը, որակները, արժեքները, դերակատարները այլ պետք է լինեն։

Նեկրոնոմիկայի ճիրաններից դուրս գալու և մարդկային հասարակության կերպ ստանալու համար պիտի մեր խնդիրները խորությամբ հասկանանք։ Գլխավոր սխալը, որ արվել է «նախկինների» օրոք, ամենևին էլ թմբկահարվող թալանը չէր։ Գլխավոր բացթողումը հենց հասարակության չկայանալն էր, հանրային կառույցի դեգրադացման վրա աչք փակելը, իսկ հաճախ՝ այդ դեգրադացիան հաշվենկատորեն խրախուսելը։ Դրա պտուղներն ենք այսօր քաղում, և դրա «հարկն է» մուծվում այսօր Նիկոլին հերթական դժգույն փողատերը։ Ապրումակցելու, վերլուծելու ունակությամբ և անձնական արժանապատվությամբ օժտված հանրություն պիտի ստեղծվի Հայաստանում, ու անպայման կստեղծվի։ Ափսոս միայն, որ այսքան թանկ գնով։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ