Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9.8K subscribers
2.28K photos
207 videos
4 files
1.29K links
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
加入频道
Հարգելի՛ հայրենակիցներ,

Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։ ☎️Հեռ.՝ 012-37-77-65:
❗️Ծանոթություն.➡️Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար։

[Ստեփանակերտի քաղաքապետարան}
Հարգելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես նաև ավագ դպրոց հաճախող կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ ընդունվելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունը ՄԿՈՒ հաստատություններին տնօրեններին տեղեկացրել է, որ անձի ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի 8 առարկան (մոդուլը): Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու և նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում առարկայական տարբերությունները պետք է հաշվել ՀՀ-ում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:

Քոլեջների և ուսումնարանների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով նախարարությունը շրջաբերական գրություն էր ուղարկել նաև նախորդ շաբաթ: Ըստ այդմ՝ հանձնարարվել էր բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունը կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված տեղերի թիվը չգերազանցելու պայմանով: Լիցենզիայով հատկացված տեղերի թիվը գերազանցելու դեպքում ուսումնական հաստատության կողմից պետք է խորհուրդ տրվի համայնքի կամ մարզի այլ հաստատություն, որտեղ առկա է ուսանողի ուսումնառած մասնագիտությամբ թափուր տեղ: Ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում լիցենզիայով հատկացված տեղերը գերազանցելու դեպքում ուսանողն իր ցանկությամբ կարող է դիմել հարակից մասնագիտությամբ՝ պահպանելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջները:

Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ վերականգնման համաձայնություն ստանալու համար:

ԼՂ-ում ընդհատված կրթության իրավունքի վերականգնման դեպքում պետական քոլեջներում և ուսումնարաններում կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10-599-623:

[ՀՀ ԿԳՄՍ նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են:
Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ:
Բյուջետային համակարգի մասին օրենսդրությանը համապատասխան՝ հավաստագրված ստացողների ստորագրություններով, կատարված ծախսերը ներկայացնում ենք հետևյալ բացվածքով.
1. Աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների (260 միլիոն դրամ) մասնակի տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր փաստացի աշխատանք էին կատարում հանրապետության տարածքում (Նախագահի աշխատակազմ, կառավառության գործերի կառավարչություն, ՊԲ, ՆԳՆ ոստիկանություն, ԱԻՊԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտե, առողջապահական հիմնարկներ),
2. Նախկինում կատարված շինարարական աշխատանքների դիմաց քաղաքաշինության նախարարության՝ 18 ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարում (83,5 միլիոն դրամ),
3. Երկրի շրջափակմամբ պայմանավորված՝ մսի արժեքի սուբսիդավորման նպատակով տարբեր տնտեսավարողների հանդեպ գյուղատնտեսության նախարարության ունեցած պարտավորությունների մարում (շուրջ 96 միլիոն դրամ),
4. Ռազմական գործողություններից հետո բնակչության տարհանման նպատակով տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարում և զոհվածների հուղարկավորության համար կատարված ծախսեր (23,5 միլիոն դրամ):
Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:
Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ որոշում չի կայացվել, ու դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո:

[ԱՀ կառավարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

📢 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։

Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

📌 Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

‼️ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։

Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝
• բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

💻Սկսած նոյեմբերից աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ https://license.emis.am հարթակի միջոցով🔍

Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային վարչություններ, ինչպես նաև Հայաստանի 60-ից ավելի համայնքներում Կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ մասնագետները համապատասխան ուղղորդում կիրականացնեն՝ տվյալ բնակավայրի դպրոցների և լիցենզիայով սահմանված ազատ տեղերի վերաբերյալ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/18436

[ՀՀ ԿԳՄՍ նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության նախարարների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):

Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:

Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

***
Արգելանքների վերացումը չի ազատում պարտավորությունների կատարումից։ Այն ժամանակավոր միջոցառում է, որի նպատակն է մեղմելու Արցախի շուրջ ս. թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված պայմաններում հայտնված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները՝ հիմնականում նրանց դրամական միջոցները ժամանակավոր չբռնագանձելու ձևով։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին:

Տեղեկացնում ենք, որ այս և մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը:
Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ:

Ելնելով վերոգրյալից` Երևանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, երբ բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ:

Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին:

Հակառակ արհեստականորեն ստեղծված բոլոր խոչընդոտներին՝ նախագահ Շահրամանյանն ընդունել է հավաքի ակտիվին, պարզաբանումներ տվել սույն թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական՝ այդ թվում ՀՀ-ում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ:

Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի կառավարությունը շարունակելու է գույքագրել նմանատիպ բոլոր հարցերը և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանը, քանի որ ինչպես արդեն հայտարարել ենք, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության և համանման այլ հարցերով աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը (Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ):

Արցախի Հանրապետության իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը անկարգության պայմաններում խոչընդոտվել է, և ովքեր չեն կարողացել ստեղծված իրավիճակում իրենց հարցերն ուղղել կառավարության ներկայացուցիչներին:

Միևնույն ժամանակ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վերաբերյալ՝ կոչ անելով հետագայում բացառել բռնության դրսևորումներն ու զանգվածային անկարգությունները:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ մշակույթի տանը (Նաիրի 42), բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։
Կենտրոնում ներկայացված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։

Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող թեժ գիծ` 114 հեռախոսահամարով։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 20:30-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ:

[Արցախի տեղելատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքեր են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։

2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ:

[«Արցախփոստ» ՓԲԸ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։

Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։

[ԱՀ ֆինանսների նախարարություն]
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Մանրամասներ՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ

📌 Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:

Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

🔻 Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում:

Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։

Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:

🖇 Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:

Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28–ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28–ից սկսած:

‼️ Կարևոր դիտարկում․ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն:

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ:
Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:
Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:
Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցեր,

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում շարունակվում են սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները:
Այն անձինք, ովքեր չեն դիմել նպաստի նշանակման համար, կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) դիմել վերոնշյալ հասցեով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Զոհվածի մահվան վկայականի պատճեն,
2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց քարտի) պատճեները,
3. Հարազատի անվամբ Արցախբանկում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը:

[ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն]