Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
9.49K subscribers
2.28K photos
207 videos
4 files
1.29K links
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
加入频道
Հարգելի՛ հայրենակիղեր,

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

[ԱՀ ԱԻՊԾ]
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։
Շատ շտապ, առանց հապաղելու։

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենա հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

[ԱՀ առողջապահության նախարարություն]
‼️ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Սիրելի' հայրենակիցներ

Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։

Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։

Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։

Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով։

[ԱՀ ՆԳՆ]
‼️Հնարավորինս տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով, դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։

Հարազատներին հորդորում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին։

[ԱՀ ՆԳՆ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։

Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն` բոլոր տուժածներին։

[ԱՀ առողջապահության նախարարություն]
📌 Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։

2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

[ԱՀ ՆԳՆ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։
Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։

[ԱՀ քննչական կոմիտե]
📌 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։

Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։

Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

[ԱՀ ՆԳՆ]
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):

Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Տվյալների հավաքագրումը շարունակվում է։

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
‼️ Հարգելի՛ հայրենակիցներ

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարևոր է`

Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները։

[ԱՀ ՆԳՆ]
📌 Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։

Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։

Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։

Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ, փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։

[ԱՀ ՆԳՆ]
Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․

1) մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։

2) Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակվելու պահից։

***

Президент Республики Арцах Самвел Шахраманян подписал указ о действиях, вытекающих из ситуации, создавшейся
после 19 сентября 2023 года.

Согласно указу, в связи с создавшейся сложной военно-политической ситуацией, исходя из приоритета обеспечения физической безопасности и жизненных интересов народа Арцаха, учитывая договоренность, достигнутую при посредничестве командования российского миротворческого контингента с представителями Азербайджанской Республики о том, что обеспечивается свободный, добровольный и беспрепятственный проезд жителей Нагорного Карабаха, включая военнослужащих, сложивших оружие, со своим имуществом на их транспортных средствах по Лачинскому коридору, и руководствуясь статьей 93 Конституции Нагорного Карабаха, принято решение:

1. Распустить все государственные учреждения и организации, находящиеся в их ведомственном подчинении до 1 января 2024 года, и Республика Нагорный Карабах (Арцах) прекращает свое существование.

2. Населению Нагорного Карабаха, в том числе находящимся за пределами республики, после вступления данного Указа в силу, ознакомиться с условиями реинтеграции, представленными Азербайджанской Республикой, с целью принятия в дальнейшем самостоятельного и индивидуального решения о возможности пребывания (возвращения) в Нагорном Карабахе.

Данный Указ вступает в силу сразу после публикации.
Սիրելի՛ հայրենակիցներ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

[ԱՀ ՆԳՆ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
❗️ԱՀ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցումներին։⤵️

https://www.facebook.com/100064854781936/posts/705880931583727/?mibextid=cr9u03

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հոկտեմբերի 9֊ին`ժամը 16:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) կկայանա հանդիպում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ, որի ընթացքում նրանց կներկայացվեն տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և կքննարկվեն այդ ծրագրերից օգտվելու` իրենց համար մշակված շահավետ պայմանները:

Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

[ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]